Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի ավագանին գյուղապետին արգելել է «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության հետ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Օգոստոսի 28-ին ավագանու որոշումը հրապարակվեց գյուղի ընդհանուր հավաքում, որին նաև մասնակցեցին «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ղեկավարությունը և երկրաբանները, մարզպետարանի ներկայացուցիչները, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը։
Կոնֆլիկտը սկսել է մոտ մեկ ամիս առաջ, երբ Ելփինի բնակիչները հայտնաբերեցին, որ իրենց տարածք ծանր տեխնիկա է մտել։ Ի պատասխան փաստաթուղթ ներկայացնելու պահանջին` «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ներկայացուցիչները ցույց են տվել 05.09.2008թ. թիվ 03Ա 081319 արտոնագիրը` ստորագրված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից։
Արտոնագրում նշված է ընկերության գրանցման տեղն ու անվանումը`«ԱՐԳԱՄԻԿ», գյուղ Մխչյան, Արարատի մարզ, և թույլատրված աշխատանքների տեսակը` հետախուզական աշխատանքներ և Ելփին գյուղում պղնձամոլիբդենային երևակումների քարտեզագրում։ Հավաքին բնակիչների ելույթները կտրուկ էին. «Ընկերությունն ապօրինաբար է գործում…, եթե եկել եք հետախուզելու, ապա նշանակում է, որ կշահագործեք, ձեզ արդեն ամեն ինչ հայտնի է, բայց մենք համաձայն չենք,… դա նշանակում է գյուղի վերջը, մենք այստեղից չենք գնա, … դուք գնացեք»։
Ամենամեծ առարկությունը կապված է նրա հետ, որ նախկինում գյուղում անցկացվել են ուրանի որոնման աշխատանքներ, և բնակիչները վախենում են, որ հորատումները կարող են դիպչել կողքին գտնվող ուրանային երևակումներին։ Հաջորդ առարկությունը կապված է գյուղում օգտագործվող ջրի ռիսկերի հետ։
60-70-ական թվականներին գյուղի տարածքում աշխատող երկրաբաններն ապրում էին տեղի բնակիչների տներում, և տարեցների խոսքերով` նրանք զգուշացրել են մի աղբյուրի ջրի օգտագործման վտանգավորության մասին։ Թե ինչով է ջուրը վտանգավոր, ոչ ոք չգիտի, քանի որ այս տարիների ընթացում ոչ ոք չի զբաղվել հնարավոր ռիսկերի հարցերով։ Ամեն դեպքում, բնակիչները լսել են խորհուրդը և օգտվում են ուրիշ աղբյուրից, որը հանքավայրի շահագործման դեպքում կփակվի, և բնակիչները կզրկվեն ջրից։ Տարածքում, որտեղ բերվել է տեխնիկան, գտնվում են պատմական հուշարձաններ, խաչքարեր, գերեզմաններ։
Այնտեղ է գտնվում գաճաճ կեչիների յուրահատուկ պուրակը, բնակվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և աճում Կարմիր գրքի բույսեր։ Սա նաև որսավայր է։ Ավագանու խորհուրդը ՀՀ կառավարությանը դիմում է պատրաստում ներկայացնելու` այդ տարածքին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար։
Ավագանու խորհրդի որոշման մեջ թվարկված բլոր առարկություններն ունեն նաև իրավաբանական հիմնավորում։ Այսպես` արտոնագրի օգտագործողի իրավունքների սահմանափակման մեջ մասնավորապես նշված է, որ աշխատանքները չեն կարող անցկացվել առանց գրավոր համաձայնության, եթե տարածքը տեր ունի։ Տվյալ դեպքում տերը Ելփին համայնքն է։
«ԷկոԼուր»-ի խնդրանքին` մեկնաբանել տեղի ունեցածը, Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը հայտարարեց, որ ժամանել է տեսնելու, թե որքան են օրինական կողմերի պահանջները։ Նա համոզմունք հայտնեց, որ Ելփինի բնակիչներն օրինական պահանջներ են ներկայացրել։