Ծանր տեխնիկան դուրս է բերվել Ելփինից: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Ելփինի փոխհամայնքապետ Արծրուն Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսին, առանց համայնքի հետ համաձայնեցնելու, Ելփին համայնք մտավ «Արգամիկ» ընկերությունը (գրանցված Արարատի մարզի Մխչյան գյուղում), եւ Ելփինի վարչական տարածքում սկսեց պղնձամոլիբդենային երեւակումների երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնել: Համայնքի ավագանին բացասական որոշում ընդունեց տվյալ հարցի վերաբերյալ եւ հիմնավորեց դա մի քանի պատճառներով: Դրանցից գլխավորը ջրից զրկվելու ռիսկն է, որի աղբյուրը գտնվում է որոնողական աշխատանքների տարածքում:
Բացի դա, բնակիչների անհանգստությունը կապված էր հնարավոր ռադիացիոն ռիսկերի հետ, որոնք կարող էին առաջանալ 50-60-ական թվականների հորատման աշխատանքների արդյունքում, երբ ուրան էին որոնում:
Տարբեր ատյաններ տարբեր ձեւերով արձագանքեցին այս խնդրին: ՀՀ նախագահի աշխատակազմից ելփինցիները 2-րդ բաժնի վարիչ Հ. Փանոսյանի ստորագրությամբ պատասխան ստացան: Պատասխանում մասնավորապես ասված է. «Դիմումի ուսումնասիրության շրջանակներում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրամադրված նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Արգամիկ» ՍՊ ընկերության լիցենզավորման, ընկերության կողմից հանքային իրավունքների ձեռքբերման գործընթացն իրականացվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն»: Եւ ոչ մի խոսք բոլոր այն խնդիրների մասին, որնք գրվել էին դիմումում:
Առաջիններից արձագանքեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեն: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի հետ միասին կոմիտեն հետազոտություն անցկացրեց Ելփինում: Նաեւ գյուղին ջրով սնուցող աղբյուրից նմուշներ վերցվեցին: Արդյունքները մենք կհարապարակենք ավելի ուշ:
Ավելի ուշ ելփինցիների հետ հանդիպեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
«Մենք նախարարին ներկայացրեցինք խնդիրը: Նա մեզ հարցրեց` իսկ եթե աշխատանքները սկսվեն հանքավայրի մյուս կողմից, որպեսզի աղբյուրին չդիչեն: Մենք ասացինք, որ մենք դեմ չենք ընդերքի շահագործմանը, բայց դա մեր գոյության հարցն է: Ընկերությունը պետք է դուրս գա այն տարածքից, որտեղ ջուրն է: Խոսակցությունից մենք այնպես հասկացանք, որ նա մեզ հետ համաձայնվեց: Ներկա էր նաեւ նրա տեղակալը, ում մենք ասացինք, որ լիցենզիայի տրամադրման կարգը խախտվել է, եւ մեր համաձայնությունը ոչ ոք չի հարցրել: Իսկ մենք այդ համաձայնությունը չենք տվել եւ չենք տա»,- պատմեց Արծրուն Ալավերդյանը:
Այժմ տեխնիկան դուրս է բերված, սակայն անհանգստությունը գյուղում մնացել է: Ավագանին որոշում է ընդունել դիմել կառավարությանը, որպեսզի «Կեչուտ» տարածքը (որոնողական աշխատանքների անցկացման վայրը) հատուկ պահպանվող տարածք ճանաչվի:
«ԷկոԼուր»-ի խնդրանքին` մեկնաբանել այդ առաջարկությունը, Վայրի բության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակից պատասխանեցին, որ պատրաստ են մասնակցել առաջարկի պատրաստմանը, քանի որ «Կեչուտ»-ը եւ հարակից տարածքները Կարմիր գրքում գրանցված կենդանիների անցման միջանցքում կարեւոր օղակ են եւ համապատասխանում են հատուկ պահպանվող տարածքների բոլոր չափանիշներին: