Վայոց ձորի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ելփին գյուղում զրուցել էր գյուղացիների հետ, ծանոթացել առկա հիմնախնդիրներին եւ խոստացել աջակցություն ցուցաբերել:
Եվ ահա օրերս Ազգային ժողովի նախագահի հրավերով, խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խումբ բնակիչներ: Նրանց ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում գյուղացիները պատմեցին իրենց խնդիրների ու հոգսերի մասին: ԱԺ նախագահը, կարեւորելով գյուղի խնդիրների լուծումը, պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը:
Հանդիպումից հետո Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` հրավերի ու ընդունելության համար եւ տեղեկացրեց, որ Հովիկ Աբրահամյանը, գյուղի ոռոգման ջրի ներքին ցանցի խնդիրը լուծելու համար ԱԺ նախագահի ֆոնդից 3 մլն դրամ է տրամադրել: Խորհրդարանի ղեկավարի աջակցությամբ Ելփինը նաեւ 10 տոննա ազոտական պարարտանյութ կստանա: Ելփինցիները ԱԺ նախագահի մոտ բարձրացրել են նաեւ գյուղում ջրամբար կառուցելու հարցը: ԱԺ նախագահը խոստացել է մասնագետներ ուղարկել, որոնք կուսումնասիրեն դրա հնարավորությունը:
Ելփինի բնակիչները շրջեցին ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետեւ լուսանկարվեցին խորհրդարանի ղեկավարի հետ: